Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում երեկ կայացավ «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը, որը ստեղծվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության լուսանկարչական նախագծի շրջանակներում և նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: 

Միջոցառմանը ներկա էին Արցախի ԱԺ փոխնախագահ Վ.Բալայանը, ԿԳՍ նախարար Ս.Ասրյանը, փոխնախարար Ա.Սարգսյանը, Արցախի ՄԵՀ նախարար Ն.Աղաբալյանը, փոխնախարար Գ. Գրիգորյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ Ներկայացուցիչ Դ.Իշխանյանը, ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, արվեստագետներ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի խորհրդի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Լ.Հովհաննիսյանը, ով շնորհավորեց ներկաներին «Շուշի. 48 ժամ» պատկերգրքի ստեղծման առիթով և ուրախությամբ շեշտեց, որ այս նախագծով ազդարարվում է նաեւ Համազգային հայ կրթական մշակութային միության մուտքն Արցախ:

Արցախի Մշակույթի և երիտասարդության նախարար Ն.Աղաբալյանը կարեւորելով Համազգայինի ներկայությունն Արցախում նշեց. «Վերջին տասնամյակներին Համազգային հայ կրթական և մշակութային միության գործուենության առանցքն է հանդիսացել Արցախը և շատ տրամաբանական է և ճիշտ՝ Համազգայինի գրասենյակի բացումն Արցախում և հատկապես ճիշտ եւ տրաբանական է, որ այն ազդարարվում է Շուշիում՝ Արցախի պատմական-մշակութային կենտրոնում»: Նախարար Աղաբալյանը շնորհավորեց Համազգայինի Կենտրոնական վարչությանը «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի ստեղծման առիթով: Նա կարևորեց գաղափարը և հետաքարքիր համարեց այն հանգամանքը, որ նախագծում ընդգրկվել են նաեւ լուսանկարիչներ արտասահմանից, ինչը հնարավորություն է տվել Շուշին ներկայացնել դրսի հայացքով: 

Պատկերագրքի ստեղծման գաղափարի եւ Համազգայինի աշխատանքերի հետ կապված խոսք ունեցավ Համազգային հայ կրթական մշակութային միության ԿՎ անդամ, Համազգային հիմնադրամի նախագահ,«Շուշի. 48 ժամ» նախագծի համահեղինակ Ս.Ղարաբաղցյանը, ով կարեւորեց «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի ստեղծման գաղափարը, որի միջոցով ներկայացվեց Շուշեցին ու նրա առօրյան՝ ժամ առ ժամ, ինչը խոսուն վկան է այն իրողության, որ Շուշին ապրում և օրեցօր զարգանում է:

Նախագծի կայացման և գաղափարի իրագործման աշխատանքերին իրենց գործուն մասնակցությունն ունենալու համար Համազգայինի Կենտրոնական Վարչության կողմից խորհրդանշական հուշանվերներով պարգևատրվեցին վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանը և Վրաստանի անվանի վավերագրող-լուսանկարիչ Յուրի Մեչետովը:

 

Նյութը տրամադրել է Համազգայինի Արցախի գրասենյակը